Վրաստան

Պրեզենացիա

Տարածք

Տարածքը՝ 69,7 քառ. կմ

Բնակչություն

Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3,729,500 մարդ՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 4,490,500 մարդ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 4,483,800 մարդ։ Տղամարդիկ Վրաստանում կազմում են ընդամենը 47,7%, իսկ կանայք 52,3%։ Տղամարդկանց միջին տարիքը կազմում է 70 տարի, իսկ կանանցը 78 տարի, իսկ ընդհանուր միջին տարիքը կազմում է 74 տարի։ Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։ Վրացիները պատկանում են իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական լեզվախմբին։

Պետական լեզու

Վրաստանի միակ պետական լեզուն վրացերենն է: Արտասահմանցիների հետ շփման մեջ օգտագործվում է անգլերենը: Բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենի։

Կրոն

Ուղափառ քրիստոնեություն Վրաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչել է՝ 337թվականին, կան նաև մահմեդականներ, կաթոլիկներ, և այլք։

Ժամային գոտի

GET (ՀԿԺ+4)

Էլեկտրաէներգիա

Էլեկտրոէներգիա՝ 220 V AC, 50 A; ստանդարտ երկյակ հաբ

Ինտերնետ գոտի

Ինտերնետ գոտի՝ .ge

Միջազգային հեռախոսային կոդ

+995

Տարադրամ

Վրաստանի տարածքում ազգային տարադրամը լարին է (GEL): Մեկ լարին համարժեք է 100 թեթրիի: Այն սկսել է շրջանառվել 1995 թվականից: Շրջանառության մեջ առկա են հետևյալ նոմինալ մետաղադրամները և թղթադրամները՝ 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200 լարի: Վրաստանում օգտագործվում են նաև մետաղադրամներ 5, 10, 20, 50 թեթրի նոմինալ արժեքով։ 

Տրանսպորտ

Վրաստանում կան երեք միջազգային օդանավակայաններ՝ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում: Ներքին ավիափոխադրումներ իրականացվում են Թիֆլիսի և Բաթումիի միջև: Իսկ գնացքի ցանցը գործում է Թիֆլիս, Գորի, Բորժոմի, Ախալցխա, Վալե, Քութաիսի, Քոբուլեթի, Բաթումի, Զուգդիդի, Գարդաբանի, Սադախլո քաղաքների միջև: Քաղաքների միջև փոխադրումները իրականացվում են նաև ավտոբուսներով: Երթուղային տաքսիները նույնպես տեղափոխում են դեպի հագստյան գոտիներ և դեպի օդանավակայաններ: Իսկ ավելի անկաշկանդ տեղաշարժվելու համար Դուք կարող եք օգտվել “Geo Rent Car” ընկերության ավտոմեքենաների վարձույթի ծառայությունից` ցանկության դեպքում նաև վարորդի հետ միասին։

Պետական տոներ

• 1 Հունվարի – Նոր Տարի
• 7 Հունվարի – Սուրբ Ծնունդ
• 19 Հունվարի – Սուրբ Կնունք
• 3 Մարտի – Մայրերի Օր
• 8 Մարտի – Կանանց Միջազգային Օր
• Ապրիլ – Զատիկ
• 9 Մայիսի – Հաղթանակի Օր
• 26 Մայիսի – Անկախության Օր
• 28 Օգոստոսի – Սուրբ Կույսի Տոն
• 14 Հոկտեմբերի – Սվետիցխովլոբա վրաց ուղափառ տոն
• 23 Նոյեմբերի – Սուրբ Գեորգիի Տոն

Աշխարհագրություն

Վրաստանի տեղագրությունը մուգ կանաչով, բաց երանգով՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները

Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս։ Պետության դե ֆակտո (փաստացի) տարածքը կազմում է 57 135 կմ², իսկ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միասին՝ դե յուրե (իրավական)` 69 700 կմ²։ Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։ Բացի այդ, Վրաստանը հարում է խոնավ միջերկրածովյան կլիմային, Արալյան-Կասպիական իջվածքին ու առաջավորասիական բարձրավանդակներին, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում։

Կլիմա

Վրաստանի կլիման պայմանավորված է աշխարհագրական դիրքով: Արևմուտքում կլիման սուբտրոպիկական է, իսկ արևելքում այն վերածվում է համախառնի: Թեև լեռները մեծ ազդեցություն ունեն երկրի կլիմայի վրա՝ Սև ծովից եկող ջերմ օդային զանգվածները հասնում են մինչև իսկ երկրի ամենահեռավոր կետերը: Կոլխիդայում և Աջարիայում հունվարին միջին ջերմաստիճանը պահպանվում է +3 մինչև +9 աստիճանի միջակայքում, իսկ Իբերիական գոգավորությունում չի իջնում -2 աստիճանից: Սակայն լեռնային հատվածներում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -16 — -20 աստիճանի: Ամառները երկարատև են և շոգ, իսկ միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է +23 — +26 աստիճան գրեթե ողջ Վրաստանի տարածքում: Տեղումների գերակշիռ մասը բաժին է ընկնում ձմռանը և աշնանը: Ձյունը թափվում է հիմնականում լեռնային շրջաններում, նոյեմբեր ամսվա ընթացքում, և չի հալչում մինչև գարնան վերջը: Վրաստանի կլիման հարմար է հանգստի և բուժման համար ամբողջ տարվա ընթացքում, իսկ բնությունը առատ է թարմ մրգերի և բանջարեղենի բազմազանությամբ։

Պատմական ակնարկ

Մ.թ.ա. VI դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը, մ.թ.ա. IV դարում՝ Արևելյան Վրաստանում՝ Իբերիայի թագավորությունը: Մ.թ. VI-X դարերում Վրաստանը գտնվել է Սասանյան Պարսկաստանի, ապա` Բյուզանդիայի և Արաբական խալիֆության տիրապետության տակ: VIII դարի վերջին – IX դարի սկզբին կազմավորվել են Կախեթի, Հերեթի, Աբխազիայի թագավորություններն ու իշխանությունները: XI–XII դարերում Վրաստանը մեծ վերելք է ապրել, XIII-XIV դարերում ենթարկվել է թաթար մոնղոլների և Լենկթեմուրի արշավանքներին: XV դարի վերջին երկիրը բաժանվել է անկախ թագավորությունների ու իշխանությունների՝ Քարթլիի, Իմերեթիայի, Կախեթի, Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի: XVI-XVIII դարերում դարձել է  Թուրքիայի և Իրանի միջև ընդհարումների թատերաբեմ: Հայտնի է Գ. Սաակաձեի գլխավորությամբ 1625 թ-ի ապստամբությունը պարսկական լծի դեմ: 1783 թ-ին Գեորգիևսկի պայմանագրով Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից: 1801-ին` Արևելյան Վրաստանը, 1803–64 թթ-ին Արևմտյան Վրաստանը միացել են Ռուսաստանին և կազմել Թիֆլիսի ու Քութաիսի նահանգները:1918 թ-ին Վրաստան են մտել գերմանական, թուրքական և անգլիական   զորամիավորումներ, մայիսին հռչակվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: 1921 թ-ի փետրվարին երկիրը խորհրդայնացվել է, և ստեղծվել է Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922 թ-ին մտել է ԱնդրՖեդերացիայի, 1936 թ-ից՝ անմիջականորեն ԽՍՀՄ կազմի մեջ՝ որպես միութենական հանրապետություն:Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թ-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Սակայն տնտեսական բնույթի դժվարություններից բացի, առաջացան նաև քաղաքական բարդություններ: Վրաստանի կազմի մեջ մտնող Աբխազիայի Խորհրդային Ինքնավար Հանրապետությունը և Հարավօսեթական Ինքնավար Մարզը սկսեցին անկախության պայքար, որը շուտով վերածվեց զինված բախման:1992 թ-ին Աբխազիան և Հարավային Օսիան հռչակեցին իրենց անկախությունը, 1992–94 թթ-ին տեղի ունեցան զինված բախումներ նրանց և Վրաստանի միջև, որն զգալի վնաս հասցրեց հանրապետությանը: Աբխազիայի վրաց բնակչությունն ստիպված եղավ գաղթել երկրամասից: Այդ պատերազմի ընթացքում մեծապես տուժեց նաև Աբխազիայի հայկական համայնքը:Հարավային Օսիայի հետ զինված բախումները կրկնվեցին 2008 թ-ի օգոստոսին, և Ռուսաստանն այդ ազգային փոքրամասնությանը վերահաս ցեղասպանությունից փրկելու մղումով մտավ Վրաստան, ապա ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, որոնց բնակչության մեծ մասը մինչ այդ հասցրել էր ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:Այդ հիմնախնդրի շուրջը Վրաստանի և Ռուսաստանի հակամարտությունը շարունակվում է, ինչը զգալի մարդկային զոհեր ու տնտեսական դժվարություններ է պատճառել վրաց, աբխազ և օս ժողովուրդներին:

Զբոսաշրջային ռեսուրսներ

Վրաստանն առաջարկում է զբոսաշրջության հետևյալ տեսակները՝

  • արկածային.
  • մշակութային.
  • գինու.
  • խաղային.
  • հնագիտական.
  • լեռնային.
  • խոհանոցային.
  • ազգագրական.
  • կրթական.
  • քարանձավային.
  • էկո-զբոսաշրջություն.
  • թռչունների դիտում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015 թվականին.

  • զբոսաշրջիկների 38%-ն այցելում էին Վրաստան հանգստի և ժամանցի նպատակով,
  • 20%-ը գալիս են այցելելու իրենց բարեկամներին կամ ընկերներին,
  • տրանզիտով երկիրն այցելել են զբոսաշրջիկների 19%-ը,
  • 9%-ը` հատուկ գնումներ կատարելու համար,
  • 5%-ն այցը կատարել են գործնական նպատակներով։

Հանգստավայրեր, պատմամշակութային հուշարձաններ

Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերն են Բաթումին, Քոբուլեթին, Բորժոմին, Բախմարոն և Գուդաուրին: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում հիշարժավան վայրերի շարքում առանձնանում է Սուրբ Դավիթի անվան VI դարում կառուցված վանքը, ինչպես նաև V դարի կառույց Սիոնի տաճարը: Նաև անշուշտ, խորհուրդ ենք տալիք այցելել հայտնի վրաց թանգարանները, որոնք Ձեր առաջ կբացեն այս հյուրանընկալ ժողովրդի դարավոր պատմության էջերը։

Հայերը Վրաստանում

Վրաստանում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի հարավային շրջանները մտել են պատմական Հայաստանի Գուգարք նահանգի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները կազմել են հայ ժողովրդի բնօրրանի բաղկացուցիչ մասը: Հայերի թիվը Վրաստանում ավելացել է V դարում, երբ նրան միացվեցին Մեծ Հայքից անջատված հայաբնակ մի քանի գավառներ, և 451 թ-ի՝ պարսիկների դեմ հայերի ապստամբությունից հետո, երբ Մամիկոնյան իշխանական տոհմից փրկված ներկայացուցիչներն ապաստանեցին Վրաստանի Գուգարաց բդեշխությունում: Արաբական տիրապետության շրջանում նույնպես բազմաթիվ հայեր Հայաստանից գաղթել են Վրաստան: Վրաց պետականության հովանավորության ներքո ձևավորվել են հայկական նոր իշխանական տոհմեր, որոնցից մեծ դեր են խաղացել հատկապես Զաքարյանները: Այդ տոհմի ներկայացուցիչներ Զաքարե և Իվանե եղբայրները, վրացական զորքերի գլուխ անցած, XII դարի վերջին ազատագրեցին Հայաստանի մի մասը, ստեղծեցին Զաքարյանների իշխանապետությունը՝ Անի կենտրոնով:Հայերի գաղթը Վրաստան շարունակվել է նաև XIII-XVIII դարերում: Վրաստանի մի շարք քաղաքներում ձևավորվել են հայկական կայուն համայնքներ: Հայկական խոշոր համայնք է ձևավորվել նաև Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում (1937 թ-ից՝ Թբիլիսի), որտեղ XVIII դարում հայերը կազմում էին բնակչության գերակշիռ մասը, գործում էին բազմաթիվ արհեստավորական համքարություններ: XIX դարի ընթացքում այնտեղ կազմավորվել և հզորացել է հայ բուրժուազիան (Մանթաշով, Արամյանց, Ղուկասով և այլք), որին պատկանում էր Թիֆլիսի արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրական տների շուրջ 60 %-ը: Հայ համայնքի ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ են զբաղեցրել քաղաքի կառավարման կառույցներում: Թբիլիսին ունեցել է ավելի քան 40 հայազգի քաղաքապետներ, որոնցից Սարաջևը հիմնել է կոնյակի և քաղցրավենիքի արտադրություն, Է. Արքունին Թբիլիսիին է նվիրել իր անձնական գրադարանը (ներկայումս՝ հանրային գրադարան), Ա. Խատիսյանի տունը ցայսօր Թբիլիսիի քաղաքապետարանի շենքն է: XIX դարի սկզբից Թիֆլիսը եղել է հայ հոգևոր-մշակութային, կրթական, առևտրաարդյունաբերական խոշոր կենտրոն և առանցքային նշանակություն է ունեցել հայ հասարակական-քաղաքական կյանքի ձևավորման ու զարգացման գործում:1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1916թ-ին Թիֆլիսում կազմավորվել են Ռուսաստանի բանակի կազմում կռվող հայկական կամավորական ջոկատներ: 1862թ-ին Թիֆլիսում ստեղծվել է Զեյթունի ապստամբությանն աջակցող մարմին, 1890 թ-ին հիմնադրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:1899–1900 թթ-ին Թիֆլիսում գործել է Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Վերնատուն» գրական խմբակը, որի միջոցառումներին մասնակցել են բազմաթիվ վրացի նշանավոր դեմքեր:1856թ-ից Թիֆլիսում գործում է Հայկական դրամատիկական թատրոնը: VII–XIX դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 հայկական եկեղեցիների, ձևավորվել և այսօր էլ գործում է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը: Ներկայումս Թբիլիսիում բազմաթիվ հայկական եկեղեցիներից գործում են միայն կաթողիկե Սուրբ Գևորգ (առաջնորդանիստ) և Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ, Ախալցխայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքում՝ Սուրբ Խաչ, Նինոծմինդայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցիները: Առանձնահատուկ նշանակություն ունի Խոջիվանքի գերեզմանատունը, որտեղ թաղված են հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի հայտնի դեմքեր: Այդ պանթեոնը ժամանակին ձևավորվել էր Խոջիվանքի (կառուցվել է 1780 թ-ին) շուրջը, որը 1930-ական թվականներին քանդվել է, շիրիմներից շատերը ոչնչացվել են:Թիֆլիսում գործել են հայկական թատրոններ, բազմաթիվ դպրոցներ, որոնցից առավել հայտնի էր Ներսիսյան դպրոցը, հրատարակվել են բազմաթիվ պարբերականներ: Ներկայումս լույս են տեսնում «Վրաստան» (Թբիլիսիում), «Ակունք» (Ախալքալաքում) և «Արշալույս» (Նինոծմինդայում) թերթերը:Թիֆլիսում ապրել ու ստեղծագործել են գրողներ Հ. Թումանյանը, Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը և ուրիշներ, նկարիչներ Մկրտում, Հակոբ ու Աղաթոն Հովնաթանյանները, Ստեփան Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը և ուրիշներ, բազմաթիվ դերասաններ, լրագրողներ և այլք:Հայազգի վրացալեզու շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը: Վրաց գրականության պատմության մեջ պատվավոր տեղ ունեն Սայաթ-Նովան, Զ. Անտոնովը, Մ. և Գ. Թումանովները, Ա. Հախնազարովը և այլք:Հայ համայնքներ են ձևավորվել և շարունակում են գոյատևել Գորի, Քութայիս, Թելավ, Սղնախ և այլ քաղաքներում: Հայ հոծ բնակչություն է ապրում Ջավախքում, որը սահմանակից է Հայաստանի հյուսիսային՝ Շիրակի մարզին: Ներկայումս Վրաստանում բնակվում է շուրջ 350 հզ. հայ, գործում են 154 հայկական և խառը ուսուցմամբ դպրոցներ. Թբիլիսիում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 115, Ներքին Քարթլիում՝ 29: Հայկական 41 դպրոցներ են գործում Աբխազիայում: Վրաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որտեղ հայկական դպրոցները գործում են պետական հովանավորությամբ: Վրաստանում գործում են նաև մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ «Ջավախք ժողովրդական շարժում», «Փարվանա», «Վրաստանի հայերի միություն» և այլն: 1998 թ-ին հիմնադրվել է «Վիրք» կուսակցությունը, որը դեռևս պաշտոնապես գրանցված չէ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s